Posted in Uncategorized

ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

untitled1

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կա­թիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:

Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:

Continue reading “ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ”

Posted in Մայրենի 6

Իժն ու սոխակը

Մինչ սոխակի ճտերը միմյանց սեղմված անխռով քնած էին, նրանց հոգածու ծնողները թռան գնացին կեր հայթայթելու: Թաքստոցից դա տեսնելով՝ իժը սողաց դեպի բույնը՝ ներքուստ կանխաճաշակելով դյուրին ձեռք գցած ավարը: Բայց սոխակն արդեն տուն էր շտապում՝ որդը կտցին: Ճիշտ ժամանակին նկատելով չարագործին, որ արդեն հասվեհաս էր բնին՝ նա սրտապատառ ծղրտաց.

– Կա՛ց: Գթա իմ անմեղ ձագուկներին: Փոխարենը ես քեզ համար մի երգ կերգեմ, որից ավելի ախորժալուրը լսած չկաս…

Եվ նա գեղգեղաց քաղցրակարկաչ, դայլայլեց ու սուլեց հազարերանգ: Անտառով մեկ տարածվեցին նրա քնքուշ ու կախարդիչ դայլայլի ելևէջները՝ լի անզուգական հմայքով ու լուսավոր տխրությամբ: Իժն իրեն կորցրեց և շփոթահար գամվեց տեղում: Ու որպեսզի սոխակի գեղգեղանքների կախարդիչ հմայքը (որից նրա ատամի թույնն իսկ կարող էր ցամաքել) չներգործի վրան՝ իժը պոչով փակեց լսելիքը և հապճեպ քաշվեց գնաց եկած ճամփով:  

Posted in Մայրենի 6

Միաեղջյուրը

Հարմարավետ տեղավորվելով ստվերախիտ այգում՝ որսորդները տրվեցին որսի ժամանակ պատահող անհավանական արկածների վերհուշին: Ահա և խոսք բացվեց խորհրդավոր միաեղջյուրի մասին:

– Դա ոչ թե կենդանի է, այլ իսկական ուրվական,- բացականչեց նրանցից մեկը:

Եվ իրոք, ամբողջ շրջանի խոսք ու զրույցի առարկան ճակատին երկար եղջյուր ունեցող ձիուկն էր դարձել: Շատերն էին Աստծո անունով երդվում, թե տեսել են նրան, բայց ոչ ոքի դեռ չէր հաջողվել ձեռք գցել այդ արտասովոր կենդանուն:

– Իսկ կարո՞ղ է պատահել, որ դա դժոխային չար ոգի լինի,- առարկեց մյուսը: – Դժվարը նրան որսալն է, որ իսկական խելք ու շնորհքի գործ է:

Continue reading “Միաեղջյուրը”

Posted in Մայրենի 6

Բվեճներն ու նապաստակը

Ճյուղին թառած երկու բվեճ հետևում էին նապաստակին, որն աշնանային խոզանի մեջ լեղապատառ դեսուդեն էր նետվում՝ ասես ետևից մի ամբողջ շնաոհմակ էր ընկել:

– Խեղճ շլդիկ,- ասաց բվեճներից մեկը: – Անգամ սեփական բնում թաքնվելու քաջություն չունի:

– Ինչո՞ւ,- հետաքրքրվեց մյուսը:

– Որովհետև վախկոտ է:

– Զարմանալի է, սեփական տանն ինչի՞ց պիտի վախենա:

– Դրանց ցեղն է էդպես,- պատասխանեց առաջին բվեճը: – Նրանք ապրում են մշտական սարսափի մեջ, իսկ վախի աչքերը մեծ են: Առանձնապես տարվա այս ժամանակներին, երբ սկսվում է տերևաթափը, նապաստակները, գույնզգույն տերևների անձրևից վախեցած, վազում են այսահարի պես: Նրանց ահ է պատճառում բնության մեջ տեղի ունեցող ամեն մի փոփոխություն:

– Դուրս է գալիս, ուրեմն, որ նապաստակները վախկոտ են:

– Իհարկե: Ահա, թեկուզ այս շլդիկը: Սա ամայի դաշտով այնքան է դեսուդեն վազվզելու, մինչև որ ընկնի թակարդը, կամ վարպետ որսորդի նշանառության տակ:

Ճիշտ է ասված՝ ով վախկոտ է, վախից էլ կմեռնի:

Posted in Մայրենի 6

Առյուծն ու գառը

Մի անգամ սոված առյուծի վանդակը գցեցին մի գառ: Գառնուկն այնքան միամիտ ու բարեհոգի էր, որ գազանների արքայի տեսքից բոլորովին չընկրկեց: Նրան, ըստ երևույթին, դնելով իր մոր տեղը, հիմարիկը մոտեցավ ահեղ գազանին, սրտալի մայեց ու անսահման գորովով լի պարզ, պլշած աչքերը հեզությամբ ու զմայլանքով հառեց նրան:

Առյուծը զինաթափ եղավ նման դյուրահավատության առջև և չկամեցավ գառանը հոշոտել: Դժգոհ մռլտալով՝ նա այս անգամ այդպես էլ քուն մտավ:

Posted in Մայրենի 6

Թուղթն ու թանաքը

Գրասեղանին դրված էր մաքուր, միատեսակ թղթերի կիտուկը: Օրերից մի օր այդ թղթերից մեկի վրա երևացին զանազան ծուռումուռ գծեր, խզբզված գրեր ու կետեր… Երևի ինչ-որ մեկը վերցրել էր գրիչը և, թաթախելով թանաքամանի մեջ, թերթիկը լցրել բառերով ու նախշազարդերով:

– Ո՞ր մեղքիս համար ինձ ենթարկեցիր այսպիսի չլսված ու չտեսնված անարգանքի,- տխուր ու սրտաբեկ հարցրեց թերթիկը սեղանին դրված թանաքամանին: – Քո անջնջելի թանաքը պղծեց իմ մաքրությունը և հավիտյանս հավիտենից անպետքական դարձրեց ինձ: Այսպիսի տեսքով ես էլ ո՞ւմ եմ պետք:

Continue reading “Թուղթն ու թանաքը”